Մոլեկուլ բառը լատիներեն է և նշանակում է ամենափոքր զանգված: Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի
հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:
Նյութը, օրինակ` շաքարը կարելի է մանրացնել, աղալ աղացով, և միևնույնն է,
շաքարի յուրաքանչյուր փոքրիկ հատիկ կազմված կլինի շաքարի մեծաթիվ մոլեկուլներից:
Եթե նույնիսկ նյութը մանրացվի մինչև առանձին մոլեկուլների, ինչպես տեղի է ունենում շաքարը ջրում լուծելիս, ապա նյութը կշարունակի գոյություն ունենալ՝ դրսևորելով իր հատկությունները (դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ փորձելով համը):
Նշանակում է՝ ինքնուրույն գոյություն ունեցող շաքարի մոլեկուլը դեռևս նյութ է: Եթե մանրացումը շարունակվի, մոլեկուլը կքայքայվի: Իսկ մոլեկուլը քայքայելով, նրանից նույնիսկ մի զույգ ատոմ պոկելով, քայքայում են նաև նյութը: Ճիշտ է, ատոմները չեն անհետանում, պարզապես մտնում են մի այլ նյութի մոլեկուլի բաղադրության մեջ: Բայց շաքարը որպես նյութ դադարում է գոյություն ունենալ. այն փոխարկվում է այլ նյութերի:
Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է: Օրինակ` ջուր
նյութը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ջրի մոլեկուլը (H2O):
Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է ջրածին (H2) և թթվածին (O2)պարզ նյութերի մոլեկուլների. ջուր նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.
ջուր = ջրածին + թթվածին
Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերություն
վերջինների, քիմիապես բաժանելի են: Ատոմները տարբեր ձևերով են միանում: Ինչպես այբուբենի տառերով կարելի է կազմել հարյուր հազարավոր բառեր, այնպես էլ տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ կամ բյուրեղներ:
Ջրածնի` գազային պարզ նյութի մոլեկուլները կազմված են ջրածնի երկու ատոմից.
H + H = H2
Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ ջրածին
պարզ նյութի քիմիական բանաձևն է H2 : Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական
նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս: Երկատոմ մոլեկուլ է առաջացնում նաև
թթվածին պարզ նյութը, որի բանաձևն է O2, ազոտը` N2: Ջրի մոլեկուլը կազմված է
ջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմից` H2O, ածխաթթու գազի բանաձևն է CO2,
թթվածնի երեք ատոմից առաջանում է օզոն պարզ նյութը` O3:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական
տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:
Քիմիական բանաձևը ցույց է տալիս.
ա) նյութի անվանումը,
բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,
գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,
դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:
Քիմիական բանաձևերը միատեսակ են գրվում աշխարհի բոլոր երկրներում, բայց յուրովի են կարդացվում յուրաքանչյուր լեզվով:
Հարաբերական մոլեկուլային զանգված,ըարրի զանգվածային բաժինների որոշումը:
Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի, իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ
պատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:
Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի զանգվածն է՝ ածխածնային միավորներով արտահայտված:
Այլ կերպ ասած` հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե
տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ը), որը, ինչպես գիտեք, 1,66•10-24գ է կամ 1,66•10-27 կգ.
Mr =mo/1,66•10-27 կգ.
Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):
Օրինակ՝ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը գտնելու նպատակով այդ
նյութի մեկ մոլեկուլի զանգվածը բաժանում ենք զանգվածի ատոմային միավորի
վրա (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ին).
Mr(H2O)=2Ar (H)+ Ar (O) =18
—Նշանակում է՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է զանգվածի ատոմային
միավորից:
Հարաբերական մոլեկուլային զանգվածը հավասար է նյութի մոլեկուլի
բաղադրության մեջ առկա բոլոր ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին`հաշվի առնելով ատոմների թիվը: Ուստի, նյութի քիմիական բանաձևը իմանալով, հեշտությամբ կարող ենք հաշվել այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելիս նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա տարրերի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալները պետք է գումարել: Պարզ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելու նպատակով համապատասխան տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք ինդեքսով, օրինակ.
Mr (O2) = 2Ar (O) = 2 • 16 = 32
Mr (H2) = 2Ar (H) = 2 • I = 2
Բարդ նյութերի դեպքում`
Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) = 2 • I + 32 + 4•16 = 98
Mr (N2O3) = 2 • Ar (N) + 3 • Ar (O) = 2 .14 + 3 . 16 = 28 + 48 = 76
Mr (KOH) = Ar (K) + Ar (O) + Ar (H) = 39 + 16 + I = 56
Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի հիմնական բնութագրերից է:
Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային
զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ
մասն է կազմում: