Հենաշարժիչ համակարգ (դաս 9, 10)

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։

Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։

Խողովակավոր ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ։ Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով, որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։ Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։

Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։

Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։

Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր)։

Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։

Մարդու կմախքը և մկանները փոփոխվում են ամբողջ կյանքի ընթացքում։ Սակայն մանկական և պատանեկան հասակում դրանք ավելի արագ են աճում ու զարգանում։ Այդ գործընթացը հիմնականում ավարտվում է կյանքի 25-րդ տարում։

Հենաշարժիչ համակարգի բնականոն զարգացման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք սննդի ընդունումը, նրանում հանքային աղերի, վիտամինների առկայությունը։ կմախքի ճիշտ ձևավորումը կապված է մկանների զարգացման հետ։ Ոսկրերի վրա մկանների միացման տեղում առաջանում են ելուններ, թմբիկներ։ Որքան լավ է զարգացած մկանը, այնքան ելունները մեծ են։ Լավ զարգացած մկանների առկայությունը նպաստում է հենաշարժիչ համակարգի ճիշտ ձևավորմանը։ Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարումը նպաստում է մկանների զարգացմանը։ Մարդը դառնում է ֆիզիկապես ուժեղ, հեշտ է հարմարվում միջավայրի փոփոխվող պայմաններին։ Ուղիղ պարանոցը, ծավալուն կուրծքը, բարձր պահած գլուխը լավ կեցվածքի նշաններն են։ կմախքի խանգարումների ձևավորմանը նպաստող գործոններ են ոչ ճիշտ նստելն ու քայլքը։ Մարդու ոչ ճիշտ կեցվածքը, կծկված, կախ ընկած ուսերը, ներս ընկած կուրծքը փոխում են ոչ միայն մարմնի ձևը, այլև խանգարում ներքին օրգանների աշխատանքը։

Կեցվածքին հատկապես պետք է հետևել մանկական հասակում, երբ զարգանում է հենաշարժիչ համակարգը։ Երեխաների ոսկրերն առաձգական են և հեշտ ծռվում։ Անհրաժեշտ է ծանրություն կրել ուժերի ներածի չափ և այն հավասարաչափ բաշխվի մարմնի վրա։ Փոքր երեխաների պայուսակը պետք է թեթև լինի.այն ավելի լավ է կրել մեջքին։ Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի անընդհատ մեկ ձեռքով տանել։ Անհրաժեշտ է սեղանի մոտ ճիշտ նստել։ Դա ապահովում է կեցվածքի բնականոն զարգացումը, պահպանում առողջությունը, մարմնի գեղեցկությունը և մեծացնում աշխատունակությունը։

Անհրաժեշտ է նստել ուղիղ, մարմինը և գլուխը քիչ առաջ թեքած, սեղանի և աչքերի միջև հեռավորությունը պետք է լինի 30-35 սմ-ի սահմաններում, իսկ սեղանից կուրծքը հեռու պահել ափի լայնքի չափ։ Ոտքերը պետք է հենվեն հատակին, զբաղեցնել ամբողջ նստատեղը և արմունկները դնել սեղանին։ Կանգնելիս, շարժվելիս մարմինն ուղիղ պահել և հավասարաչափ հենվել երկու ոտքերի վրա։ Ճիշտ կեցվածքը չի տրվում մարդուն ի ծնե, այլ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, իսկ 18 տարեկանից հետո թերություններն ուղղելը շատ դժվար է։ Ամենօրյա ոչ ճիշտ դիրքով նստելը կամ աշխատելն աշակերտի ողնաշարում կարող է առաջացնել ծռվածքներ։ Մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է լավ կեցվածքի զարգացմանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s