Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։
Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։
Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։ Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։
Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զարույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փակվելուն ու բացվելուն, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին։ Օրինակ կրծքի մեծ մկանը մասնակցում է վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։
Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։
Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ։
Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս, իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։