
Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։
Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։
Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։