Արտավազդ 2- րդը, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը ՝ Տիգրան Բ- ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած են թակառուցվածքներ և մարտունակ բանակ։
Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները ՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը ՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ- ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։
Մ.թ.ա. 37 թվականին ՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ- ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ- ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։
Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի ՝ հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք ՝ ստանալով ,,Աստվածային,, պատվանունը։