Արշակ II–ի քաղաքականությունը
Արշակ II–ը (350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում։ Նրա խորհրդով՝ Ներսես Ա կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան Գնելն ու Տիրիթը։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրել էր Գնելի դեմ: Սակայն վերջինիս սպանությունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկվում։ Այդ դեպքերից հետո Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ: Շուտով ծնվում է նրանց թագաժառանգ Պապը: Այդ ընթացքում արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի կայունությանը: 354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Կենտրոնական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II–ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Երկրում լարվածությունը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը։ 359 թ. վերսկսված հռոմեա–պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ II–ը օգնություն է խնդրում Արշակից։ Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, բայց Արշակը հրաժարվում է: Շուտով Շապուհը թշնամանում է Արշակի հետ: Հայոց արքան, վերադառնալով հայրենիք, ընդունում է Արևելք եկած հռոմեական կայսեր հրավերը և նրա հետ հանդիպում է Մաժաքում։ Հայ–հռոմեական վերականգնված դաշինքն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնությամբ: Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թունավորում են: Պարսկա–հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Նոր գահակալած կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ կայսրը պարտավորվում էր չօգնելու հայերին: Այդ պայմանագիրը IV դ. հռոմեացի պատմիչ Ամմիանոսն անվանել է «ամոթալի»։
Պապ թագավոր
Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370–374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր` Վասակ սպարապետի վրեժը։ Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները` Ուրմիայից հարավ գտնվող Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում` Մեծ Հայքի և Վիրքի միջև` Կուր գետով: Մուշեղ զորավարը քանդում է նորակառույց մազդեզական ատրուշանները: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, զարգանում է տնտեսությունը: 370 թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հայաստանի հարավային սահմանագլխին ջախջախում է պարսից զորքը: Պարսից հրամանատարներից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և կանայք, որոնք նրա հրամանով ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա անհարկի մեծահոգաբար էր վարվել իր մորդահճի` Շապուհի նկատմամբ` ազատելով պարսից արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետմիավորված, բանակ էին դրել Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց ավելի քան 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ այնտեղից հետևելու ճակատամարտին: Կաթողիկոսի բարեխոսությամբ Պապի զայրույթը փարատվում է Մուշեղի նկատմամբ: Լուսադեմին սկսվում է ճակատամարտը: Ներսես կաթողիկոսը, բազուկները տարածած, աղոթում էր Նպատ լեռան գագաթին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտադաշտից։ Հաղթանակը կատարյալ էր: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում: Ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծառայություն կատարել: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է: Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. Հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: Հռոմեացի պատմիչ Ամմիանոսը խստորեն դատապարտել է Հռոմի այդ նենգ քայլը հայոց արքայի նկատմաբ: Պապին հաջորդած իր ազգականը` Վարազդատը (374–378 թթ.), հայտնի էր որպես օլիմպիական խաղերի հաղթող, երիտասարդ էր և Մեծ Հայքի թագավորության պաշտպանության և կառավարման գործն իրականացնում էր Մուշեղ սպարապետի խորհուրդներով: Իսկ նրան հաջորդած Պապի որդիների` Արշակ III–ի ու նրան գահակից Վաղարշակի խնամակալը սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր: