
Ռեյ Բրեդբերին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում, Մարի Էսթեր Մոբերգի և Լեոնարդ Սփոլդինգ Բրեդբերիի ընտանիքում։ Երկրորդ անունը՝ Դուգլաս, նա ստացել է ի պատիվ հայտնի դերասան Դուգլաս Ֆերբենկսի։ Մանուկ հասակում Ուոկիգանում Բրեդբերին շրջապատված է եղել մեծ ընտանիքով։ Երբ նա փոքր էր, նրա մորաքույրը հեքիաթներ էր կարդում, որոնք հիմք են հանդիսացել գրողի աշխատանքների համար։ Բրեդբերին իր գեղարվեստական գործերում իր հարազատ Ուոկիգանը դարձնում է «Կանաչ քաղաք»։
Հետաքրքիր փաստեր
1. Առաջին գրական փորձը 12 տարեկանում էր: Բրեդբերին հիացած էր Էդգար Բարոուզի «Մարսի հաղթական հերոսը» վեպով: Կարդացել էր առաջին հատորն ու սպասում էր երկրորդին: Բայց ոչ թե վեպի լույս տեսնելուն, այն վաղուց էր տպագրվել, այլ շատ աղքատ էին ու գիրք գնելու գումար հայթայթելուն: Ստիպված գործի դրեց երևակայությունն ու ինքը հորինեց շարունակությունը վեպի: Ահա թե որտեղից ծագեց միտքը գրելու «Մարսյան քրոնիկները»:
2. Դպրոցական էր, երբ որոշեց, որ պետք է գրող դառնա ու որոշեց ամեն օր գրել ու գրում էր: Ամենաքիչը՝ 1000 բառ:
3. Դպրոցն ավարտելուց հետո՝ 1938-ին, Բրեդբերին գումար չուներ քոլեջում սովորելու համար: Նյու Յորք Թայմզի մի հարցազրույցում ասում է, որ ինքը չի հավատում քոլեջների ու համալսարանների տված կրթությանը և ասում էր, որ ինքը կրթություն է ստացել գրադարանում, ուր այցելում էր շաբաթական երեք օր տասը տարի շարունակ:
4. Դպրոցի ավարտականին նա ստիպված էր գնալ հանգուցյալ պապի կարկատած կոստյումով: Իսկ կարկատել էին փամփուշների կրակած տեղերը, երբ ավազակները հարձակվել էին ու սպանել պապին:
5. Նա հոյակապ հիշողություն ուներ և հիշում էր իր կյանքի ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը, ընդհուպ մինչև պորտալարը կտրելը:
6. «Խատուտիկի գինին» գրեթե ինքնակենսագրական է, եղբայրների՝ Թոմի ու Դուգլասի կերպարների տակ թաքնված է հենց ինքը՝ Բրեդբերին:
7. Միակ հարազատ մարդը, ում կերպարը գրքերում չի օգտագործել, գրողի հայրն էր: Հոր մահվանից տարիներ անց միայն Բրեդբերին նրան կնվիրի իր պատմվածքների ժողովածուն՝ «Բուժիչ դեղ մելամաղձության դեմ»: