Ողջու՛յն… Ես Մարիամն եմ, և հիմա կփորձեմ «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում ձեզ ներկայացնել իմ գերդաստանի պատմությունը։
Իմ արմատները սերում են Վանից, ինչպես Արարատյան դաշտավայրում ապրող մեզանից շատերինը։ Արդեն 105 տարի է անցել հայոց ցեղասպանությունից, որի հետևանքով մեր պապերը թողել են իրենց հարազատ բնակավայրերը, տուն ու տեղ և, բռնելով գաղթի ճամփան, հայտնվել օտարության մեջ, ոմանք մեն-մենակ, ոմանք էլ մեկ-երկու հարազատի հետ։ Իմ պապի պապն էլ իր մոր և երկու եղբայրների հետ 1915թ․ բռնելով գաղթի ճամփան՝ անցել է Արաքսն ու եկել Էջմիածին։ Նրա անունը Արամայիս էր։ Այդ ժամանակ նա 15 տարեկան է եղել, այսինքն ճիշտ իմ տարիքին։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչ դժվար է եղել նրա համար այդ տարիքում անցնել դժոխքի միջով և Էջմիածնում նոր կյանք սկսել՝ պատասխանատվություն կրելով 2 փոքրիկ եղբայրների՝ 5 և 7 տարեկան Վարդանի ու Գուրգենի համար։ Մոր անունը եղել է Փիրուզ: Ասում են՝ նրա բարությունն այնքան անսահման էր, որ նոր հաստատված վայրում՝ Արբատում և հետագայում Արևիկում , նրան Մարե են կոչել, ասել է թե՝ Մեծ մայր։ Փիրուզ տատից մեզ է հասել մի շատ գեղեցիկ արծաթե գոտի, որը փոխանցվել է սերնդե սերունդ՝ հասնելով մինչև ավագ հարսին։
Արամայիս պապը ևս մեկ եղբայր էլ է ունեցել, ով իրենից մեծ է եղել՝ Հմայակը։ Այն ժամանակ մեծ ընտանիքին օգնելու համար նա գնացել է արաբական երկրներ աշխատելու, 7 տարի մնացել է օտարության մեջ, ապա իր վաստակած ոսկիները բեռնած ձիուն ելել է Էրգիր, սակայն Եփրատն անցնելիս ձին իր աշխատած ոսկիներով քշել-տարել է, իսկ խեղճը, չդիմանալով այդ ցավին, մահացել է:
Վերադառնանք Արամայիս պապին։ Նա իր նոր տունն է ստեղծել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, ուր մինչև այժմ էլ ապրում են նրա սերունդները։ Նա պատմել է, որ նույնիսկ հանդիպել է Անդրանիկ Զորավարին իր քաջերի հետ։ Ցավոք, մանրամասներ ինձ հայտնի չեն։ Նրա եղբայրները, մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, ցավոք, զոհվել են։ Նա ամուսնացել է Հայկուշ անունով մի աղջկա հետ, ունեցել մեկ տղա՝ Վարազդատը։ Երբ տղան եղել է 4 տարեկան, Հայկուշ տատը մահացել է, իսկ Արամայիս պապը նորից է ամուսնացել, այս անգամ Սևանի Նորաշեն գյուղից մի կնոջ՝ Անահիտի հետ, ով այդ ժամանակ ուներ 2 աղջիկ։ Տատս պատմում է, որ Անահիտ տատը շատ բարի և լավ կին է եղել։ Վարազդատն էլ ունեցել է 4 տղա և 1 աղջիկ՝ Ալբերտ, Աշոտ, Էդվարդ, Յուրա և Հայկուշ։ Ես այս մեծ գերդաստանից Վարազդատ պապի մեծ տղայի՝ Ալբերտի ավագ որդու դուստրն եմ՝ Մարիամն…Ահա այսքանը իմ գերդաստանի մեծ պատմությունից։