442-449 — Հայոց այրուձիու տեղափոխում Պարսից թագավորության արևելք 449 գարուն — Հավատափոխության պահանջ և դրա մերժում 449 ամառ — Հայ նախարարների այցը Տիզբոն, կեղծ հավատափոխությունը և վերադարձը Հայաստան 449 սեպտեմբերի վերջ – Անգղ ամրոցի ճակատամարտ 449 հոկտեմբերի սկիզբ — Արտաշատի ճակատամարտ 449 հոկտեմբեր — նոյեմբեր — Պարսից կայազորների ոչնչացում 450 օգոստոս – Ատրպատականի ասպատակումը հայերի կողմից 450 հոկտեմբեր – Խաղխաղի ճակատամարտ 450 հոկտեմբեր – Դերբենդ ամրոցի գրավում 450 նոյեմբերի վերջ – Որոտ ամրոցի և Վասակաբերդի գրավում 451 մայիսի կես – Զարավանդ գավառի առաջին ճակատամարտ 451 մայիսի կես – Զարավանդ գավառի երկրորդ ճակատամարտ 451 մայիսի 26 – Ավարայրի ճակատամարտ 451 մայիսի 29-31 – Անգղ ամրոցի ճակատամարտ (451) 451 հունիսի սկիզբ – Փայտակարանի ու Ատրպատականի ասպատակումը հոների կողմից 451 հունիսի սկիզբ – Սյունիքի ճակատամարտ 451 հունիսի կես – Կապույտ ամրոցի ճակատամարտ 451 հունիս կես – Հյուսիսային Միջագետքի ասպատակումը հայերիկողմից[փա՞ստ] 451 հունիսի վերջ – Արմազիի ճակատամարտ 451 հունիսի վերջ – Որջնհաղի ճակատամարտ 451 հունիսի վերջ – Հաշտությանկնքում
Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:
Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան:
Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:
451թ. մայիսի 26-ին լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել:
Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Այդ ի նկատի ունենալով՝ ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը գրում է. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով` երկու կողմն էլ պարտություն կրեցին»:
Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:
Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը, գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները:
Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին: Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:
Այս հաղթանակով Պապն ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից:
Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը:
Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:
Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:
Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել:
V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:
Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:
Հին Հայաստանում պետության գլուխ կանգնած էր թագավորը, որը կոչվում էր թագավոր կամ արքա Հայոց մեծաց: Նրա արձակած հրամանները օրենքի ուժ ունեին, նա զորքերի գերագույն հրամանատարն էր, երկրի կյանքի բոլոր ասպարեզների գլխավոր ղեկավարը:
296թ. պարսից արքա Ներսեհը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժեց Հայաստան: 297 թ. պարսից բանակը հասավ Բասեն գավառը: Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին: Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագեքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:
298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը: Տրդատ III Մեծը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին:
Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը (326-330), և Տրդատ 3 Մեծը (287-330), որը մինչ իր քրիստոնեություն ընդունելը համարվում էր քրիտոնյաների մահացու թշնամին:
Համաձայն 5-րդ դարի հայ պատմիչների, 287 թվականին Տրդատ 3 թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Երիզ տեղանքում նա հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Տրդատը միաժամանակ տեղեկացվում է, որ Գրիգորը, իր հորը, Խոսրով թագավորին սպանողի որդին է: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում, որը նախատեսված էր մահապարտների համար: Ավելի ուշ Տրդատը մի քանի հրաման է արձակում, մահվան դատապարտել ծպտյալ քրիստոնյաներին և ձերբակալել նոր հավատն ընդունածներին, բռնագրավելով նրանց ունեցվածքը:
Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկլետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում:
Տրդատ թագավորը, գերված կույս Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է տաժանակիր մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին,Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ: Իր ծավալած գործունեության համար նա հետագայում դասվում է սրբերի շարքը, որպես սբ. Նինո:
Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում Հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին:
Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Նա ուժ և եռանդ չի խնայում Հայաստանում քրիստոնեության վերածննդի և տարածման համար: Իսկ որպեսզի հեթանոսական ավանդույթներն այլևս չլինեն, Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, ոչնչացրեց հեթանոսական տաճարները, նրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ: 345 թվականին Աշտիշատում բացվում է առաջին Հայ Ազգային-եկեղեցական Խորհուրդ, որի ժամանակ որոշվում է երկրի տարբեր շրջաններում բացել որբատներ, ծերանոցներ, ինչպես նաև հիմնադրել եկեղեցիներ և դրանց կից բացել դպրոցներ: Խորհուրդը նաև արգելք է մտցնում հեթանոսական թաղման արարողությանը, քանի որ քրիստոնյաները հավատում էին անրդշիրիմյան կյանքին:
Արտավազդ 2- րդը, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը ՝ Տիգրան Բ- ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած են թակառուցվածքներ և մարտունակ բանակ։
Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները ՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը ՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ- ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։
Մ.թ.ա. 37 թվականին ՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ- ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ- ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։
Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի ՝ հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք ՝ ստանալով ,,Աստվածային,, պատվանունը։