![]()
Թռչունները (լատ.՝ Aves) տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։
Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։
Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։
https://www.youtube.com/watch?v=Pff0E2c76OA
Հավ
Համարվում է, որ ընտանի հավերը ծագել են Ասիայում հանդիպող բանկիվյան հավերից կամ ջունգլիների վայրի հավերից, որոնք հանդիպում էին Հնդկաստանի, Հնդկաչինի, Հարավային Չինաստանի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների տարածքներում։ Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին՝ մոտ մթա 2000 տարի առաջ։ Ավելի ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում էին, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ մթա 3200 տարի առաջ։ Ներկայումս բավականին շատ փաստեր են առկա, որ դա տեղի է ունեցել Հարավ-Արևելյան Ասիայում և Չինաստանում ` դեռևս մթա 6000-8000 տարի առաջ: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հետազոտումները ցույց են տվել, որ ժամանակակից հավերի նախնիները ընտելացվել են մոտավորապես մթա 3500 տարի առաջ` Ասիայում։
![]()
Մթա 14-րդ դարում հավերը հայտնվել են Հին Եգիպտոսում: Ավելի վաղ նրանք հայտնվել էին Մերձավոր Արևելքում: Անտիկ ժամանակաշրջանում հավերը հայտնվել են Հունաստանում, իսկ այնտեղից տարածվել Եվրոպայում:
Հավերը բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ ձվատու, մսաձվատու և մսատու։ Առավել տարածված են ձվատու ցեղերը՝ լեգհոռն, մինորկա, անդալուզյան, համբուրգյան, իսպանական, օռլովյան, ռուսական սպիտակ և այլն։ Ձվատու ցեղի հավերը կշռում են մինչև 2 կգ (աքաղաղները՝ մինչև 3 կգ), տարեկան ձվատվությունը մինչև 250 ձու, ռեկորդը՝ 365 ձու։
Մսաձվատու ցեղերից են՝ ռոդ-այլենդ, նյու-հեմփշիր, պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, երևանյան, ֆավերոլ և այլն։ Կշռում են մինչև 4 կգ, միսը որակով է և համեղ, միջին ձվատվությունը՝ մինչև 240 ձու։
Մսատու ցեղերից են՝ կորնիշ, լանգշան, կոխինխին, բռամա և այլն։ Կենդանի զանգվածը մինչև 4,5 կգ, ձվատվությունը մինչև 130 ձու։ Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ (մսացու ճուտ) ստանալու համար։ Բրոյլերների միսը լավագույն դիետիկ սննդամթերք է, պարունակում է մինչև 20 % լիարժեք սպիտակուց և միայն 5-7 % ճարպ: