Պատերազմը որպես հասարակական երևույթ

Պատերազմի պատճառների մասին բազմաթիվ գործոններ կարելի է նշել, սակայն ամենակարևոր երեքն են՝ մարդու բնույթը, պետության կառուցվածքը և միջազգային հարաբերությունների կառուցվածքը։

Մարդու բնույթը կարևոր դեր է խաղում պատերազմի սկսման որոշումներ կայացնելու համար, սակայն բնույթը շատ դեպքերում երկրորդական է դառնում, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված սահմանափակումներ են լինում: Նման սահմանափակում կարող է լինել պետության կառուցվածքը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների կառուցվածքը և վերջինիս շրջանակում ուժերի հավասարակշռությունը: Օրինակ՝ Ադրբեջանը միանշանակ ցանկություն ունի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որպեսզի կարողանա վերագրավել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի կառավարման համակարգը և Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունը թույլ չեն տալիս նման որոշում կայացնել։

Պետության կառուցվածքը ևս կարևոր գործոն է պատերազմ սկսելու որոշում կայացնելու համար։ Մարդկության պատմության ընթացքում կառավարման բոլոր համակարգերն էլ գնացել են պատերազմի: Չկա կառավարման համակարգ, որը բացառի պատերազմը։ Այդ առումով որոշ առաջընթաց կատարել են ժողովրդավարական կառավարման մոդելները, որովհետև հավանականությունը քիչ է, որ երկու ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրներ միմյանց դեմ պատերազմելու որոշում կայացնեն: Սակայն դա չի նշանակում, որ ժողովրդավար պետությունները չեն գնա պատերազմի: ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք պետությունների փորձը հաստատում է, որ ժողովրդավարական համակարգերը նույնպես պատերազմում են։

Պատերազմ սկսելու հաջորդ կարևոր գործոն է միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը։ Անարխիկ կառուցվածքի պայմաններում պատերազմի զսպող գործոնը ուժերի հավասարակշռությունն է: Հաճախ այդ հավասարակշռության խախտումը հանգեցնում է պատերազմի։ Էմանուել Կանտը գտնում էր, որ անարխիկ կառուցվածքը փոխելու համար անհրաժեշտ է համաշխարհային պետություն ստեղծել, որն էլ կբացառի պատերազմը: Իրականում համաշխարհային պետության գաղափարը անիրականանալի է: Այդ իսկ պատճառով հավասարակշռությունն է պատերազմի կանխման կարևոր գործոնը:

Оставьте комментарий