1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։
Կառավարման ոչ ժողովրդավարական վարչակարգերը ներկայանում են ամբողջատիրության (տոտալիտարիզմ) և տիրազորության (ավտորիտարիզմ) տարբեր տարատեսակներով։ Ամբողջատիրության էությունը հիմնավորել է իտալական ֆաշիզմի գաղափարախոս Ջ. Ջենտիլեն։ Նրա համոզմամբ` մարդը ամբողջովին պետք է ենթարկվի պետությանը, քանի որ մարդկային և հոգևոր ամեն ինչ կորցնում է իր արժեքը պետությունից դուրս։ Ամբողջատիրություն տերմինը քաղաքական բառապաշար մտավ 1925 թ. Իտալիայի առաջնորդ Բ. Մուսսոլինիի կողմից։ Հետագայում ֆաշիզմի ընդդիմախոսները սկսեցին այդ հասկացությունն օգտագործել բացասական իմաստով` իբրև ժողովրդավարության հակադիր բևեռ։ Սկզբում ամբողջատիրություն ասելով՝ հասկանում էին ֆաշիստական վարչակարգն Իտալիայում և նացիոնալ–սոցիալիստական շարժումը Գերմանիայում։ Սակայն 1929 թ. սկսած` այն կիրառվում էր նաև ԽՍՀՄ–ի քաղաքական վարչակարգի նկատմամբ։Ամբողջատիրական երկրում առկա է միակուսակցական բռնապետությունը, որն իր հետ բերում է պետական և կուսակցական կառույցների միաձուլում։ Կուսակցությունը յուրացնում է հասարակության անունից խոսելու իրավունքը։ Նման երկրում առկա է ահաբեկման համակարգը, տնտեսության կենտրոնացված կառավարումը։ Ամբողջատիրական իշխանության բուրգի գագաթը ներկայանում է ի դեմս առաջնորդի կերպարի:
2․ Ի՞նչ գաղափարներ դրվեցին նացիստական պետության հիմքում․ համառոտ նկարագրե՛ք դրանք.
Նացիստական պետության հիմքում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանությունը, ռասսայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահմանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ խորհրդարանը (Ռայխստագ) հաճախ անվանում էին «աշխարհում ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումը»։ Բանն այն էր, որ Ռայխստագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստից առաջ և հետո պատգամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը։ Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին իբրև հրաման, իսկ 1934 թ. սկսած` կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշտամունքը։ Նացիստական կուսակցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը: Մյուս հիմնարար սկզբունքը՝ ռասայական տեսությունն էր։ Նացիստների կարծիքով` գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր: Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներկայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեն, իսկ ոչ լիարժեք ռասաները ենթարկվեն արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմանիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի: 1935 թ. ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական միջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատկանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։ Ըստ Հիտլերի` ռասաների միջև պայքարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշտամունքը միահյուսվում էր «կենսական տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր, Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել: Խնդրի լուծումը կարող է լինել միայն կենսական տարածքի ընդլայնումը։