Միջատների մարմինը կազմված է երեք առանձին, բայց իրար հետ կապված մասերից։ Դրանք են՝ գլուխը, կուրծքը և փորիկը։ Գլխի վրա կա բեղիկների մի զույգ, երկու ֆասետային և, երբեմն նաև, մեկից երեք հատ պարզ աչք։ Բեղիկների միջոցով միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները։
Գլխի առջևի մասում են գտնվում նաև ծնոտների երեք զույգերը՝ վերին, ստորին և իրար հետ միաձուլված ստորին ծնոտների երկրորդ զույգը՝ ստորին շուրթը։
Կրծքին տեղադրված են շարժողության օրգանները։ Միջատների մեծամասնությունն ունի 3 զույգ ոտք և 2 զույգ թև, որոնք ամրանում են կրծքի հատվածին։
Փորիկն ունի տասնմեկ հատված, չնայած, միջատների որոշ տեսակների մոտ հատվածները կարող են լինել միացված և ավելի մեծացված չափսերով։ Որովայնում են գտնվում մարսողական համակարգը և բազմացման օրգանները։ Ինչպես մյուս հոդվածոտանիների (օրինակ՝ ծովախեցգետինների և սարդերի), միջատների մարմինը ևս պատված է խիտինե ծածկույթով, որին ասում են արտաքին կմախք։ Այն անջրաթափանց է և ներքին հյուսվածքները պահպանում է չորացումից։ Մարմնի այդպիսի կառուցվածքը միջատներին հնարավորություն է տվել հարմարվելու Երկրագնդի բոլոր շրջաններում, այդ թվում՝ անապատներում ու լեռներում։ Արտաքին կմախքի գլխավոր թերությունը ոչ առաձգական լինելն է, այդ պատճառով աճող միջատն ստիպված է լինում որոշակի ժամանակահատվածում դեն նետել հին ծածկույթները։ Դրա համար էլ միջատների աճը կրում է թռիչքաձև բնույթ։ Նոր պատյանը ձևավորվում է հնի տակ։ Սկզբնական շրջանում նոր պատյանն առաձգական է լինում՝ հնարավորություն տալով միջատին չափերով աճել։ Սակայն շատ արագ այն կոշտանում է, որպեսզի կարողանա օրգանիզմն արդյունավետ պահպանել անբարենպաստ ազդեցություններից։ Այդ ժամանակ միջատի աճը նորից սկսում է սահմանափակվել։