Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:
Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան:
Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ: