
Աղձնիքը, ըստ Մովսես Խորենացու «Աշխարհացոյց», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը. Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում, Ալզինի ձևով.
Աղձնիքը գտնվում էր Արեւմտյան Տիգրիսի եւ Հայկական Տավրոսի միջեւ, մոտ 18,000 կմ 2 տարածությամբ եւ ուներ 10 գավառ:
- Ազնվաց ձոր
- Արձն
- Գզեղ
- Կեթիկ
- Նփրկերտ
- Սալնաձոր (Սալնո ձոր)
- Սանասուն (Սասուն)
- Սերխեթք
- Տատիկ
- Քեղ
Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի, հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, եւ հարավային, որի կլիման տաք է, մակերեւույթը, հարթավայրային: Դաշտային մասում էին Անգեղ – Տուն (Քաղ), Նփրկերտ եւ Աղձն (Արձն, Արզն) գավառները, իսկ լեռնային մասում, Կեթիկ, Տատիկ, Ազվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնոձոր եւ Սանասունք (Սասուն) գավառները: Արտաշիսյանների եւ Արշակունիների օրոք Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր: Աղձնիքի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր եւ ուներ ներքին ինքնավարություն: Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը, «շահապը»։
Տիգրան Մեծ․ Աղձնիք
Տիգրան Մեծը (մ․թ․ա 95 — մ․թ․ա 55) պատանդությունից վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում։
Տիգրան Մեծը Աղձնիք նահանգում հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքը՝ Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, որտեղ ժամանակին թագադրվել էր հայոց արքան։
Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Հայաստան տեղափոխված կես միլիոնի հասնող ամբոխը բնակեցվել է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում, Վանում և այլ քաղաքներում։
Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։
Աղբուրներ․