1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
Ք․ա․ IXդ․ համահայկական Վանի թագավորության ստեղծումով Հայաստանը և հայ ժողովուրդը թևակոխեցին պատմության զարգացման որակապես նոր շրջան։ Վերջինս բնորոշվում է մի շարք նվաճումներով։ Դրանց թվում առավել կարևոր են զարգացած պետական կառուցվածքը, կրոնական համակարգը, տնտեսական կյանքի բարձր մակարդակը, կազմակերպված ոռոգման համակարգը, գրային զարգացած համակարգը, ճարտարապետության, այդ թվում՝ քաղաքաշինության բարձր մակարդակը։
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:
3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: